Իմ դպրոցը

ուրաքանչյուր ազգի բնորոշ է գործունեության առավել ընդգծված հատկանիշ,կերպ,ձև,որի շուրջ համախմբվում են ազգովի:Վաղնջական ժամանակներից մեզ համար մշակույթն ու գիտությունը ծառայել են նպատակ և միջոց ազգային հարատևման համար:Պատմական փաստերը վկայում են ,որ երկիր մոլորակի տարբեր կողմերում հայերն ու Հայաստանը ճանաչել և գնահատել են մշակույթային,գիտական ներուժով:

Այս առումով տիպիկ է Ուշի գյուղի կրթական համակարգի պատկերը:Մեծն ուսուցչապետի՝ Մաշտոցի ոտնահետքերով այստեղ հասան և հիմնավորվեցին,ծլարձակեցին և լուսավորող կերոն դարձան մշակույթն ու կրթությունը ՝ ի դեմս նրա հիմնադրած ս/բ Սարգիս մատուռ-եկեղեցու:

Դարեր շարունակ եկեղեցին իր շուրջն է համախմբել,կրթել ու դաստիարակել հավատացյալ ժողովրդին:Եկեղեցու գործիչներին՝ սուրբ հայրերին, հաջողվել է հայրենանվեր աշխատանքով իրականացնել համայնքի կրթական գործունեությունը:Այստեղ հիշարժան է հայ տպագրության խոշոր գործիչ՝ մատենագետ,լեզվաբան Ոսկան Երևանցին,որը Ուշիի ս/բ Սարգիս վանական համալիրի առաջնորդության տարիներին(1654 — 1662թթ) ծավալել է եկեղեցական,շինարարական,լուսավորչական լայն գործունեություն:

Հետագայում մշակույթային զարգացումը շուրջ 200 տարի օնչպես գյուղում,այնպես էլ համայնքի կյանքում,ցավոք,նշանակալի առաջընթաց չի ունեցել:Այդ տարածքը տասնամյակներ շարունակ ձեռքից-ձեռք է անցել ՝ տևական ժամանակ ենթարկվելով այլադավան ցեղերի ՝ թուրքերի,Կովկասի թաթարների,ջալալցիների ասպատակություններին:

1915թ. Մեծ եղեռնից հետո պատմական Հայաստանի տարբեր գավառներից(Ռշտունիք,Մուշ,Կարս,Խութ) գաղթած բնակչությունը ապավինում է Ուշիի հողին,վերակենդանացնում երբեմնի ծաղկուն հայկական շենը:Շուտով,հասարակական-տնտեսական սոցիալիստական նոր կացութաձևի շնորհիվ Ուշիում կյանք է առնում կրթական գործը:

1930թ. կառավարության պարտադիր տարրական ուսուցման մասին որոշմամբ հիմք է դրվում համայնքներում,այդ թվում նաև Ուշիում՝ դպրոցաշինությանը:Փաստորեն գյուղերում 30-ական թվերին սկսվում է գործել տարրական դպրոց:Հետագայում ինչպես համայնքում,այնպես էլ համայնքի դպրոցում գրանցվում է նկատելի առաջընթաց և 1967թ. Ուշիի 8- ամյա դպրոցը տեղափոխվում է նոր,հարմարավետ,տիպային շենք:Եվս մի տասնամյակ և տպրոցը դառնում է միջնակարգ ուսումնական հաստատություն:Այս կրթօջախում աշխատել են շատ բանիմաց,հոգատար մանկավարժներ և կազմակերպիչներ,տնօրեններ ՝ Ավագ Շահվերդյան,Քնարիկ Խաչատրյան,Սողոմոն Հովակիմյան,Ռաֆիկ Միսակյան,Համլետ Միքայելյան,Նշան Հակոբյան,Մաքսիմ Ավագյան,Գևորգ Սարգսյան,Համլետ Գրիգորյան,Հրաչիկ Սիմոնյան,Օգսեն Սարգսյան:Տարիներ շարունակ Ուշիի դպրոցը աչքի է ընկել բարձրորակ մանկավարժական կադրերով,որով էլ պայմանավորվել է դպրոցի սաների ուսումնական առաջընթացը:Այսօր էլ  ուսուցչական կոլեկտիվը ի թիվս այլ երախտավորների առանձնակի հարգանքով է հիշում բազմավաստակ մանկավարժ ՝ ֆրանսիական <<Պատվո լեգիոնի>> շքանշանակիր,Միսաք Մանուշյանի անվան պարտիզանական ջոկատի մարտիկ երջանկահիշատակ Մանուկ Նազարյանին:

1967թ. -ից առ այսօր դպրոցը տվել է 1124 շրջանավարտ,որոնցից 120-ը ընդունվել են զանազան ԲՈՒՀ-եր: Ներկայումս այստեղ սովորում են 155 աշակերտ,որոնց ուսմամբ զբաղվում է մանկավարժների կոլեկտիվը ՝ բաղկացած 25 հոգուց:

Դպրոցում պատշաճ մակարդակով են իրականացվում ուսումնադաստիարակչական աշխատանքները:Թե տնօրինությունը , և թե ուսուցիչները սրտացավ ու հետևողականորեն են կազմակերպում իրենց սաների առօրյան՝ զուգակցելով դասապրոցեսը արտադասարանային աշխատանքների  և տարաբնույթ միջոցառումների հետ: Այս իմաստով ուշեցիները խիստ ավանդապաշտ են,ունեն ծիսական,մշակույթային ավանդույթներ:Զգալի տեղ են գրավում կազմակերպված միջոցառումները,նրանք բովանդակում են հայրենասիրություն,մարդասիրություն և քաղաքացիական պատրիոտիզմ:Դպրոցն ունի հարուստ գրադարան:Գործում են տարբեր առարկաների գծով խմբակներ,որտեղ ածակերտները հարստացնում են ուսումնական պրոցեսում ստացած գիտելիքները և արդյունավետ օգտագործում իրենց ժամանակը: